38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Որևէ երկիր չի կարող հավակնել կայուն զարգացման` կենտրոնանալով միայն ներքին խնդիրների վրա

Որևէ երկիր չի կարող հավակնել կայուն զարգացման` կենտրոնանալով միայն ներքին խնդիրների վրա
30.01.2009 | 00:00

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
(սկիզբը` նախորդ համարում)
Ներդրումային և նորամուծական գործունեության մեջ նկատվող աշխուժության նվազումը, գիտատեխնիկական կարողության քայքայումը երկրի տնտեսական անվտանգության լուրջ սպառնալիքներից մեկն է: Ազգային տնտեսության ռազմավարական ճյուղերում առանց խոշոր ներդրումներ իրականացնելու անհնար է պատկերացնել Հայաստանի տնտեսական վերածնունդը: Ստեղծված իրավիճակի տարիմաստությունն այն է, որ արտաքին ներդրումները, չնայած դրանց աճի անբավարար տեմպերին, զգալիորեն գերազանցում են, թեկուզ սահմանափակ, ներքին ներդրումները: Իր հերթին, հիշյալ տարիմաստությունը պայմանավորված է տնտեսության ներսում տիրող անվստահության մթնոլորտի առկայությամբ, որը լուրջ խոչընդոտ է ընդհանրապես տնտեսական աշխուժության համար: Վերջին տարիներին իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետությունը մեծապես պայմանավորվում է երկրում ներդրումային համալիրի կարողության վերականգնման հնարավորություններով: Ներդրումային համալիրում տնտեսական անվտանգության հիմնական սպառնալիքներին կարելի է դասել՝
ա) կապիտալ շինարարության ռեսուրսների ծավալների կտրուկ նվազումը,
բ) կապիտալ շինարարության ենթահամակարգերի միջև տնտեսական կապերի քայքայումը (հումքի, տեխնիկա-տեխնոլոգիական, կադրերի, գիտական բազայի ապահովում),
գ) ներդրումային բնագավառում ռազմավարական կողմնորոշիչների բացակայությունը,
դ) ներդրումային գործընթացում ռազմավարականի համեմատ մարտավարական ուղղվածության գերակայությունը (վերնախավի համար նախատեսված բնակարանային շինարարություն, արտահանման մեջ հումքային ուղղվածության պահպանում):
ե) սննդի արդյունաբերության ենթաճյուղերում ներդրումների անբավարար ծավալը, որը թույլ չի տալիս ապահովել հանրապետության պարենային անվտանգությունը և ձերբազատվել ներմուծվող, հաճախ անորակ ապրանքներից նկատվող կախվածությունից:
Տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալները վերջին տասը տարիներին անընդհատ աճի միտում ունեն: Արտադրական ուղղվածության ներդրումներում դեռևս քիչ է գյուղատնտեսական արտադրության ոլորտում կատարվող ներդրումների տեսակարար կշիռը: Համեմատաբար մեծ է ներդրումների քանակը ոսկու արդյունահանման, վերամշակման, ոսկերչության և ադամանդագործության, լեռնամետալուրգիական արդյունաբերության և սննդի արդյունաբերության ձեռնարկություններում: Մյուս ճյուղերում ներդրումային աշխուժությունը զգալիորեն նվազել է: Հատկանշական է, որ ներդրումային աշխուժության նվազումն իր հերթին խորացնում է երկրի արտադրական կարողության մաշվելու միտումները: Իրատեսորեն վերլուծելով իրավիճակը, կարելի է տեսնել, որ մոտակա տարիներին նշված միտումներում էական փոփոխություններ չեն նկատվի: Չնայած դրան, ֆիզիկական և բարոյական մաշվածության ենթարկված արտադրության հիմնական միջոցների զանգվածային արտանետումներ առայժմ չեն նկատվում: Համապատասխանաբար, տեղի է ունենում հիմնական միջոցների՝ մեքենաների և սարքավորումների հետագա մաշում: Արտադրական ապարատի տեխնիկական մակարդակի աստիճանական անկման մասին են վկայում այն տվյալները, որոնց համաձայն` արտադրական սարքավորումների բազայի նորացման գործակիցն անկախացմանը նախորդող շրջանի համեմատ մոտ 10 անգամ ցածր է: Սննդի և սպառողական ապրանքների գծով ներմուծումից կախվածության ուժեղացումը, անկասկած, ստեղծում է սպառնալիք երկրի տնտեսական անվտանգության համար, ինչպես նաև որոշակի վտանգ՝ արտասահմանյան ընկերությունների կողմից ներքին շուկայի գրավման իմաստով: Անհրաժեշտություն է առաջանում միջոցներ ձեռնարկել` թուլացնելու կախվածությունը ներմուծումից: Վերջինս, իհարկե, չի կարող ենթադրել ներմուծումից հրաժարում, որը կհակասի համեմատական և բացարձակ առավելությունների գործնական կիրառությանն ու դրանց արդյունավետ օգտագործմանը, կհանգեցնի տնտեսական օգուտների կորստի, տեղական ձեռնարկատերերի թողարկած ապրանքների մրցունակության անկմանը, մրցակցության թուլացմանը և կնպաստի այդ բնագավառներում ազգային մենաշնորհների ձևավորմանը: Համաշխարհային փորձը վկայում է, որ երկիրը կարող է պահպանել իր անկախությունը, եթե ներքին սպառման համեմատ ներմուծման տեսակարար կշիռը տատանվում է 20-25%-ի սահմաններում: Հայաստանի պարագայում սննդամթերքի գծով ներմուծման կախվածությունը տարեցտարի ավելանում է: Այս ցուցանիշները երկրի տարբեր մարզերում տատանվում են՝ կախված տվյալ բնակավայրում սննդամթերքի արտադրության առկայությունից: Կարևոր է հաշվի առնել նաև մաքսակետերում չգրանցված, մաքսանենգ ճանապարհով հանրապետություն ներկրված ապրանքների ծավալները, որոնք գումարվում են պաշտոնական վիճակագրության տվյալներին և հիմք տալիս եզրակացնելու, որ սննդամթերքի և լայն սպառման առարկաների որոշ տեսակների գծով ներմուծումներից կախվածության թույլատրելի սահմանը երկիրն անցել է: Երկրի տնտեսական անվտանգության ապահովման առումով՝ հիշյալ թույլատրելի սահմանից անցումը կարող է հանգեցնել գների հարկադրանքի, տեղական արդյունաբերության քայքայման և ներքին սահմանափակ շուկայի զավթման:
Հանրապետության տնտեսական անվտանգության և քաղաքական վարկի լուրջ վտանգ է ստեղծում երկրի արտաքին պարտքի ծավալը: Պետությունը դրա մարման համար առանձնացնում է զգալի քանակությամբ բյուջետային միջոցներ, տնտեսական որոշումներ կայացնելիս կորցնում է ինքնուրույնությունը՝ դրանից բխող բոլոր սոցիալ-քաղաքական հետևանքներով: Մի պետության պարտքը մյուսին համարվում է նորմալ երևույթ միջազգային տնտեսական հարաբերություններում: Գլխավոր մտահոգությունն այստեղ պարտքի չափերն են: Համաշխարհային պրակտիկայում, ընդունված կարգի համաձայն, արտաքին պարտքի մակարդակի չափանիշ է հանդիսանում արտարժույթով արտահայտված գումարը, որը տրամադրվում է արտաքին պարտքի սպասարկման համար (պարտքի վճարումներ, պարտքի տոկոսներ, ուշացման տուգանքներ և այլն): Արտաքին պարտքի մակարդակի անվտանգ մակարդակ է համարվում այն ծավալը, որի սպասարկման համար հատկացումները կազմում են երկրի արտարժույթի մուտքերի 25%-ից ոչ ավելին: Այս առումով ևս հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման առջև լուրջ խնդիրներ են դրված: 2009 թ. և հաջորդող տարիներին մի շարք վարկերի սպասարկման գծով հանրապետության պետական բյուջեից կպահանջվեն արտարժույթի մուտքերից զգալի գումարներ: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին պարտքի բացարձակ մեծությանը, ապա այն ներկայումս կազմում է մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար: Այս ասպարեզում անվտանգության իրական պատկերը պարզելու նպատակով անհրաժեշտ է համեմատել արտաքին պարտքը հետևյալ համադրելի ցուցանիշների հետ` արտարժույթի ներհոսքի տարեկան ծավալը, մյուս պետություններից վերցված պարտքի ծավալը, պարտքի կառուցվածքը:
Սոցիալական ոլորտն առանցքային դեր է խաղում ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության ապահովման գործում: Դրանում կարելի է ներառել անհատի, ընտանիքի, հասարակության, դրա առանձին շերտերի, սոցիալական խմբերի և պետության կենսական շահերը: Երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքներից կարելի է առանձնացնել եկամուտների խիստ անհամաչափ բաշխումը, բնակչության կողմից սննդի պահանջմունքի լիարժեք բավարարման կտրուկ անկումը, թերսնուցումը, աղքատության ավելացումը, այդ թվում՝ աղքատության նվազագույն սահմանն անցած մարդկանց բացարձակ թվի ավելացումը, սովամահության դեպքերի աճը և այլն: Բոլոր նշված միտումները, ինչպես նաև զբաղվածության կրճատումը, կրթությունը շարունակելու մատչելիության պակասը, մահացության աճը, ծնունդների թվի կրճատումը հանգեցնում են երկրում կյանքի ընդհանուր որակի անկմանը և արտագաղթի տեմպերի աճին: Որոշակի վերապահումով կենսամակարդակի մասին կարելի է դատողություններ անել այնպիսի կարևոր ցուցանիշի շնորհիվ, ինչպիսին է բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը:
Տնտեսական անվտանգության ապահովման գործում պակաս կարևոր չէ նաև գիտատեխնիկական կարողությունը, որը բնութագրում է նաև երկրի տնտեսական վիճակը և դրա զարգացման հնարավորություններն ապագայում: Առանց դրա պարբերական նորացման և զարգացման անհնար է պատկերացնել երկրի պաշտպանունակության բարձր մակարդակի ապահովման, ինչպես նաև տնտեսության առանցքային ճյուղերի արտադրության հիմնական միջոցների նորացման և զարգացման հնարավորությունների իրագործումը: Ներկայումս գիտատեխնիկական բնագավառը գտնվում է խոր ճգնաժամի մեջ: Ձեռնարկությունների վճարունակության կտրուկ նվազումը հանգեցրել է գիտատեխնիկական նոր մշակումների հանդեպ պահանջարկի անկման: Տեխնիկայի և տեխնոլոգիաների մի շարք նորագույն տեսակների բյուջետային ֆինանսավորման կրճատումը հանգեցրել է գիտական հետազոտությունների ծավալների համապատասխան կրճատման: Տեղի է ունենում գիտական կադրերի և մասնագետների զանգվածային հեռացում ասպարեզից, փոշիացվում է գիտական հիմնարկների կարողությունը, կրճատվում է հիմնարար գիտության վերարտադրությունը:
Տնտեսական անվտանգության սպառնալիքները ներթափանցել են տնտեսության գրեթե բոլոր բնագավառներ, էական ազդեցություն են գործել մարդու կենսագործունեության տարբեր ոլորտների վրա: Իրականացվող տնտեսական քաղաքականությունը, որը հանգեցրել է արտադրության անկման, կառուցվածքային վերափոխման բացակայությունը լրջորեն խոչընդոտում են բնականոն զարգացումը, քայքայում ազգային անվտանգության հիմքերը:
Արտաքին տնտեսական գործունեության ասպարեզում անցման շրջանի տնտեսական անվտանգության ապահովմանն առնչվող կարևորագույն խնդիրները պետք է լինեն՝
l արտաքին առևտրի զարգացման կարգավորումը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական շահերը, համաշխարհային տնտեսությանն ինտեգրացման պայմաններում արտաքին տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացումը,
l արտահանման կարողության հետագա զարգացումը՝ ի հաշիվ մեքենաների, սարքավորումների, բարձրտեխնոլոգիական այլ ապրանքների արտադրության ընդլայնման, ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման,
l երկրի արտահանման կարողության մաս կազմող ձեռնարկությունների շահերի պաշտպանությունը՝ նպատակ հետապնդելով վերականգնել և պահպանել դրանց դիրքերը ապրանքների և ծառայությունների արտաքին շուկաներում,
l ներքին շուկայում մենաշնորհ չունեցող տեղական արդյունաբերողների և գործարարների նկատմամբ չափավոր հովանավորչական քաղաքականության իրականացումը,
l արտաքին պարտքի վերակառուցումը՝ թեթևացնելու դրա սպասարկման բեռը,
l ազատ փոխառնվող արժույթների նկատմամբ դրամի փոխարժեքների իրական կայունացումը (ի տարբերություն ներկայումս ձեռք բերված արհեստական կայունացման, որն իրական ոչ մի կապ չունի տնտեսության իրական հատվածի զարգացման հետ):
Արտաքին տնտեսական քաղաքականությունը կարող է ոչ միայն ուղղակիորեն հակադրվել տնտեսական սպառնալիքներին, այլև ինքնուրույն դեր խաղալ միջազգային ինտեգրացիոն գործընթացների մասնակիցների տնտեսական կարողությունների հաշվեկշռի փոփոխության գործում: Հետևաբար, ժամանակն է քայլեր ձեռնարկել, նախ, մշակելու երկրի տնտեսական դոկտրին և հայեցակարգ, որի հիման վրա հնարավոր կլինի բացահայտել զարգացման կողմնորոշիչները, ձևավորել և իրականացնել ներքին և արտաքին տնտեսական քաղաքականության հիմնադրույթները: Այս ամենը, անշուշտ, անհրաժեշտ է բխեցնել համաշխարհային տնտեսությունում և տարածաշրջանում տեղ գտած գործընթացներից և միտումներից: Ի վերջո, տնտեսական ընդհանուր սպառնալիքների դեմ միացյալ պայքարն ու հարևան պետությունների հետ համատեղ արդյունավետ համագործակցության ծավալումը կարող են որոշիչ նախապայման հանդիսանալ կայուն զարգացում ապահովելու համար:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 3351

Մեկնաբանություններ